Գլխավոր Լուրեր Կաշխատի՞ արդյոք Ալավերդու պղնձաձուլական գործարանը

Կաշխատի՞ արդյոք Ալավերդու պղնձաձուլական գործարանը

13
0

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի մի խումբ աշխատակիցների հետ՝ քննարկելու գործարանի շուրջ սպասվող զարգացումները: Գործարանի աշխատակից Գարեգին Անտաշյանը ևս ներկա է եղել հանդիպմանը, ով Araratnews.am-ին մանրամասներ հաղորդեց այդ հանդիպումից:

Անտաշյանի խոսքով՝ արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է. «Արդյունքներն այս պահին միջանկյալ են, այնպես չէ, որ կա կոնկրետ որոշում: Առաջարկ է ուղարկվել ՎՏԲ-ին, որի պատասխանին ենք սպասում»:

Հարցին, թե խոսքն ի՞նչ առաջարկի մասին է, գործարանի աշխատակիցը նշեց, որ ինքը չի կարող մանրամասնել, քանի որ դա բանակցային ինֆորմացիա է. «Որպես աշխատակից՝ մեզ նույնիսկ հետաքրքիր էլ չեն մանրամասները: Սպասում ենք արձագանքին, ըստ դրա կլինի շարունակությունը, և կերևա, թե որ ուղղությամբ է գործընթացը գնում»:

Արդյո՞ք կառավարությունն է փորձում բանակցել ՎՏԲ-ի հետ հարցին՝ Անտաշյանը  արձագանքեց. «Ոչ թե կառավարությունը, այլ «Վալլեքսի» կողմից  արված առաջարկությունը ուղարկվել է կառավարություն, որն էլ ուղարկվել է ՎՏԲ-ին»:

Ինչ վերաբերում է պատասխանի ժամկետներին, գործարանի աշխատակիցն ասաց, որ բոլորն էլ պատկերացնում են՝ ինչ հրատապություն ունի խնդիրը, և խոստացել են, որ մաքսիմալ շուտ՝ եկող շաբաթ, պատասխանը կլինի. «Փետրվարի 28-ին մեր պայմանագրերի ժամկետը վերջանում է, բայց մենք հույս ունենք, որ ժողովուրդը դուրսը չի մնա»:

Անտաշյանը նշեց, որ երեկ գիշերը, երբ իրենք վերադարձել են Երևանից, արդեն դադարեցվել էր բողոքի ակցիան, և բացվել գործարանի շուրջ 300 աշխատակցի կողմից փակված Երևան-Թբիլիսի երկաթգիծը: