Գլխավոր Լուրեր Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն...

Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն էր. Մակունց

7
0

Կառավարությունում խորհրդակցությունը ավարտվեց: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել դատաիրավական համակարգում հեղափոխական փոփոխություններ անելու վերաբերյալ:

«Այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ, այլապես այդ փոփոխությունները հեղափոխական արդյունք չեն տա: Խոսքը առաջին հերթին կառավարության մասին է, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի անմիջական ներգրավվածության, ներգրավված պետք է լինի նաեւ Ազգային ժողովը: Մայիսի 24-ին արդեն սկսվում են հանրային քննարկումներ անցումային արդարադատության հետ կապված: Այդ քննարկումներում ներգրավված են լինելու հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակության լայն ներկայացուցիչներ, որոնց առաջարկները եւս կներկայացվեն աշխատանքային խմբին, լուծումներում նույնպես դրանք պետք է արտացոլված լինեն»,-ասաց Մակունցը:

Իշխող ուժի ԱԺ խմբակցության  ղեկավարը եւս մեկ անգամ շեշտեց՝ ժողովրդի պահանջն է, որ ինչպես գործադիր եւ օրենսդիր իշխանություններում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, նույնը տեղի ունենա դատական իշխանությունում.

«Մենք պետք է իրականացնենք ժողովրդի կամքը, իսկ կապել դա կոնկրետ որեւէ դատավարության հետ, ես ձեր փոխարեն նման բան չէի անի: Սահմանադրական կարգը չի խախտվել եւ այն, ինչը տեղի ունեցավ այսօր մի քանի ժամ Հայաստանի Հանրապետությունում, դա բխում էր այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ»:

«Այս ամենը գնալով խորանում է, եւ այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, դրա վառ դրսեւորումներից է. մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալ, եւ սա այս կետն էր»,- եզրափակեց Մակունցը: