Գլխավոր Լուրեր Օրբելյանն ինձ ասաց՝ գնա երկրից եւ դրսում կարիերա արա. երգիչ

Օրբելյանն ինձ ասաց՝ գնա երկրից եւ դրսում կարիերա արա. երգիչ

42
0

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի շուրջ կրքերը բորբոքվում են: Նրան սատարողները պահանջում են մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանից չեղյալ համարել  Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, քանի որ Օրբելյանը  մեծ աշխատանք է կատարել:

Իսկ նախարարության որոշումը ճիշտ համարողները հիշեցնում են՝ Օրբելյանն ընտրվել է օրենքի խախտմամբ, մինչդեռ մրցույթ պետք է հայտարարվի տնօրենի պաշտոնի համար, թատրոնի կլանային համակարգն էլ վերանա:

Մեզ հայտնի դարձավ, որ Օրբելյանի գործունեությունից դժգոհ են նաև թատրոնից հեռացած մի քանի երգիչ: Նրանցից մեկը Գեւորգ Կոջոյանն է, որի հետ զրուցեց Araratnews.am-ը:

Պարո՛ն Կոջոյան, մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատեց թատրոնի տնօրենի պաշտոնից: Սա վրդովել է ոչ միայն թատրոնի, այլեւ մշակույթի այլ գործիչների: Նրանք պահանջում են չեղյալ համարել այս որոշումը: Ի՞նչ է Ձեր կարծիքը:

Ես նախ ասեմ, որ կոնսերվատորիայում սովորելիս պետք է թատրոնում դեր ստանայի: Ամեն դեր ստանալուց առաջ, սակայն,  իմ փոխարեն հայտնվում էր նոր անուն, մինչեւ եկավ Օրբելյանը՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն: Օրբելյանի ղեկավարման ժամանակ պետք է երգեի «Մանոն» ներկայացման մեջ: Սկսեցի դերը սովորել, փորձերի հաճախեցի, անունս պատին փակցվեց, բայց դերերգը սովորելուց հետո կանչեցին վոկալի մասնագետ Ակսել Էվերարտին, որն էլ կարծես թե պիտի որոշեր՝ ով երգեր, ով՝ չէ: Մաստերկլասսից մեկ ժամ առաջ ինձ զանգեցին, կանչեցին թատրոն ու որոշեցին ինձ հանել ներկայացումից: Դա անօրենություն է: Ո՞վ է Ակսել Էվերարտը, որ որոշի մեր երկրում՝ ով երգի, ով չերգի, եթե նա երգիչներից մեկի կամ մի քանիսի մտերիմն էր: Նրան ասել էին՝ ում պետք է հանի, ում պետք է թողնի կազմում:

Բայց դա էլ մի կողմ թողնենք: Ես երկու անգամ հանդիպել եմ Կոնստանտին Օրբելյանի հետ եւ ասել՝ ուզում եմ թատրոնում դերերգ երգել: Նա ինձ բառացի ասաց՝ ոչ, մենք ձեր ձայնի համար ունենք երկու դեր՝ «Տրավիատայի» Ալֆրեդոն եւ «Անուշի» Սարոն, որն էլ երգում է արտասահմանում հյուրախաղեր ունեցող մի երգիչ: Այդ դերերը նրա համար ենք պահում, որ նա տարին մի անգամ գա ու երգի: Ես ձեզ խորհուրդ կտամ գնաք երկրից ու դրսում կարիերա արեք: Ես այս խոսքերը փոխանցել եմ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին ու փոխնախարար Նազենի Ղարիբյանին, որոնք վրդովվեցին: Նրանք գրավոր դիմում գրեցին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն եւ բացատրություն պահանջեցին այս  հարցի մասին: Բայց այդպես էլ բացատրություն չտվեցին: Հետո ես անձամբ գնացի՝ բացատրություն ստանալու, սակայն ոչ մի բացատրություն այդպես էլ չեմ լսել: Ինձ ասացին՝ իմ անունն անգամ հրամանագրված չի եղել: Ես թատրոնի իրավաբանին հարցրի՝ եթե երգիչը հրամանագրված չէ, հնարավո՞ր է նրա անունը պատին փակցնել՝ որպես ելույթ ունեցողի: Ինձ պատասխանեց՝ ոչ: Ռուբեն Նուրիջանյանն էլ, որը զբաղվում էր այդ հարցերով, իրավաբանի պատասխանից հետո հասկանալով, թե ինչ է եղել, խոսքը փոխեց ասաց՝ դե, գիտեք, բացառություն լինում է: Գիտեք՝ հարցն այն է, որ օպերային թատրոնում բացարձակ մենաշնորհ է: Ես էլ Հայաստանի վատագույն երգիչը չեմ: Միջազգային մրցույթի դափնեկիր եմ, ունեմ հեղինակավոր այնպիսի երգիչ-երգչուհիների երաշխավորագիր, որոնց մասին կերազեն այդ թատրոնի սոլիստները: Կոնստանտին Օրբելյանը եւ փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, մի խումբ երգիչներ թատրոնը վերածել են անառիկ պատնեշի, որտեղ ոչ մի նոր երգիչ մուտք գործել չի կարող, եթե անգամ լավ տվյալներ ունի: Երկրորդ՝ օրենսդրությամբ թատրոնի ղեկավարությունը տարին մեկ անգամ ատեստացիա պիտի անցկացնի եւ մրցույթ մի դերի համար: Իսկ դա չեն անում: Ես ունեմ անգամ տեղեկություններ, որ թատրոն են մտել երգիչներ, որոնք ոչ մի մրցույթի չեն մասնակցել, այլ խնամի-ծանոթ կապերով են ընդունվել: Եւ այս ամենի պարագլուխը Կոնստանտին Օրբելյանն է:

Այսինքն՝ առանց Օրբելյանի այս գործընթացը չէր լինի: 

Թատրոնում միշտ եղել է մենաշնորհ: Քանի որ Կոնստանտին Օրբելյանը միջազգային անուն ունի, դա շղարշ է ղեկավարության համար՝ իրենց արարքները թաքցնելու: Այն երգիչները, որոնք վախենում են մրցակցությունից, կառչել են  Օրբելյանից, քանի որ մրցակցության դեպքում նրանք անմրցունակ երգիչներ կլինեն: Համաշխարհային  բոլոր թատրոններում գոնե տարին մեկ անգամ լսումներ են լինում այս կամ դերի համար: Իսկ մեր  թատրոնում չի լինում:

Իսկ ժյուրին ո՞վ պետք է լինի, որի որոշումից ոչ ոք դժգոհ չմնա:

Գեղարվեստական ղեկավարը, որեւէ դիրիժոր ու թատրոնի տնօրինությունը:

Իսկ դուք վստա՞հ եք, որ լսումներից հետո դարձյալ չի լինի երգիչների այն նույն կազմը, որը կա: Ի վերջո, արվեստում հստակ չափորոշիչներ չկան:

Սուբյեկտիվիզմ ամեն տեղ կա: Բայց ֆորմալ մակարդակով ու ձեւականությունը պահելու տեսանկյունից լսումները պետք է լինեն:

Բայց ո՞ւմ է պետք ձեւականությունը, եթե սայլը տեղից չպետք է շարժվի: 

Հարցն այն է, որ նրանք անգամ օրենքի տառը չեն կատարում:

Դե, Օրբելյանին սատարողների փաստարկն այն է, որ Օրբելյանը 6 ամսում 4 ներկայացում է  բեմադրել, երբ 17 տարում են 4 ներկայացում բեմադրել,  հյուրախաղեր են ունեցել: Աշխատակիցներից ոմանք ասում էին՝ ինչքան կարելի է «Անուշ» ու «Արշակ Բ» բեմադրել: Օրբելյանն անգամ հեղինակային իրավունքով մի քանի օպերա է բեմադրել, որոնք նա թույլ չի տա բեմադրել, եթե ինքը չշարունակի աշխատել: 

Ես կարծում եմ՝ դա շանտաժ է:

Ի՞նչն է շանտաժ:

Օրբելյանի ասածը, որ թույլ չի տա իր օպերաները էստեղ ցուցադրեն: Լուսահոգի Գեղամ Գրիգորյանը պատրաստվում էր ավելի շատ ներկայացումներ բեմադրել՝ մեկ տարում 15 օպերա: Այն, ինչ անում է Օրբելյանը, քիչ է: «Մանոն» ներկայացման մասին ասեմ: Այն երբ բերեցին այստեղ, Ռուսաստանի Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի արխիվային ներկայացումն էր: Ես վստահ չեմ, որ մյուս ներկայացումներն էլ այդպես չեն: Եթե Օրբելյանը «Կարմենը» նկատի ունի, ապա այն կար մինչեւ իր գալը: Բացի այդ, դա արվեց հատուկ Դուբայի համար:

Հիմա դրա վատը ո՞րն է:

Այստեղ լավի կամ վատի խնդիր չկա: Մենք հիմա քննարկում ենք թատրոնի կարծրացած երգիչների հարցը: Նոր երգիչներ թատրոնում չկան: Թատրոնից հեռացրել են կարիերայի ծաղկուն շրջանում գտնվող շատ լավ երգչուհիներից մեկին՝ Գոհարին, որը սոլիստ էր թատրոնում եւ «Աիդա» օպերայում էր երգում: Ավելին ասեմ՝ ինչ ներկայացումներ էլ դնում են, ցածրաճաշակ է ու վուլգար:

Արդյոք ազնի՞վ էր այսպես հանկարծակի Օրբելյանին պաշտոնից ազատել, երբ կարող էին նախապես զգուշացնել նրան:

Շատ ազնիվ է: Նազենի Ղարիբյանն ասել է՝  ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել թատրոնում: Օրբելյանին հանկարծակիի բերելը ճիշտ էր: Ի վերջո, փաստաթղթերը կեղծելը, վերացնելն այնքան հեշտ է: Բացի այդ, նա պաշտոն է զբաղեցնում, բայց հայերեն չգիտի:  Մի բան էլ ասեմ՝ Օրբելյանի շրջապատում կան մարդիկ, որոնք նրան ուղղորդում են, փսփսում են ականջին, ու նա էլ, ցավոք սրտի, լսում է: Իսկ դա ղեկավարին բնորոշ հատկություն չէ: Նա շատ բաց է բամբասանքների ու ասեկոսեների համար: Երբ նա ինձ առաջին անգամ լսեց, տնօրենը Կարեն Շահինյանն էր, Օրբելյանն ինձ գրկեց եւ ասաց. «У вас необыкновенные данные»: Անցավ 1-2 օր, սակայն ամեն ինչ հօդս ցնդեց: Ես ենթադրում եմ՝ նրան ուղղորդեցին:

Դե շատ հայեր հայերեն չգիտեն, օրինակ, Կոմանդոսը, բայց հայրենիքի համար քիչ վաստակ չունեն: 

Կոմանդոսը պետական պաշտոնյա չէ, բայց նա դժվարությամբ խոսում է հայերեն: Բացի այդ, համեմատելու չէ: Օրբելյանը հայրենիքի համար ոչ մի վաստակ չունի: Նրա հայերեն չխոսելը ցույց է տալիս՝ նա կապված չէ մեր երկրին ու մշակույթին: Օրենքը չպետք է փոխել ոչ մեկի համար ոչ մի պարագայում:

Դուք միջազգային մրցույթի դափնեկիր եք, ունեք երաշխավորագրեր: Հիմա ձեր այս խոսքերը մի տեսակ նեղացածի տպավորություն են թողնում: Դրսում կայացածը ինչո՞ւ պետք է այսպես խոսի:

Ես հայ եմ եւ ՀՀ քաղաքացի, որի համար ցավալի է այս ամենը: Ես հիմա լսումների եմ մասնակցում, պայմանագրեր են փնտրում, կայացան փուլում եմ: Ամեն անգամ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ձեր երկրում չեք երգում: Ես չեմ կարող ամեն անգամ ասել՝ մեր երկրում կա մենաշնորհ: Դրսում մարդիկ երբեմն այլ կերպ են մտածում. մտածում են, թե այս մարդը արժանիքներ չունի, որ իր երկրում չի երգում: Մենք ունենք մեկ թատրոն եւ տաղանդավոր երգիչներ: Ի՞նչ անեն նրանք, ո՞ւր գնան: Մենաշնորհը գործում է անգամ կայացած երգիչների դեպքում, որոնք լավ հարաբերություն չունեն Օրբելյանի հետ, եւ նրանց հյուրախաղերի չեն կանչում Հայաստան:

Դուք ինչո՞ւ եք վստահ, որ Օրբելյանին փոխարինող տնօրենը եւս չի պահպանի այդ մենաշնորհը, դուք եւ մյուս երգիչներն այդպես էլ չեք վերադառնա թատրոն: 

Մտավախությունը միշտ կա, բայց ես հավատում եմ նոր կառավարությանը: Նազենի Ղարիբյանն ինձ ասել է՝ ունի հաստ բողոքների թղթապանակ Կոնստանտին Օրբելյանի դեմ: Ի դեպ, նախկին ԱԺ-ում ԲՀԿ պատգամավորներից Լուիզա Սարգսյանը եւս այս հարցը բարձրաձայնել էր եւ ասել՝ Ռուսաստանի ամենախուլ գավառում  ներկայացումները մի քանի անգամ շատ են, քան մեր թատրոնում: Նոր տնօրենի դեպքում կլինի մրցույթ, եւ բոլոր երգիչները կարող են ցույց տալ իրենց հնարավորությունը:

Ենթադրենք՝ նոր տնօրենը երգիչների մրցույթ է հայտարարում, թատրոնից հեռացածները գալիս են, բայց նոր ներկայացում չի լինում կամ լինում է ուշ-ուշ, քանի որ նոր տնօրենը կապեր, հնարավորություն չունի նոր ներկայացման համար: Եւ նորից օպերայում հնչում են «Անուշ», «Արշակ Բ-ը» օպերաները: Սա օպերայի զարգացման լա՞վ տեսլակա՞ն է: 

Ես ձեզ հավաստիացնում եմ՝ նոր ներկայացում անելու համար կապեր պետք չեն: Պետք են սրտացավություն, կոմպետենտություն եւ պրոֆեսիոնալներ: Թատրոնը ՊՈԱԿ է,  ֆինանս է ստանում պետությունից: «Աիդա» ներկայացման համար հսկայական գումար ստացան, բայց այդ ներկայացումը չցուցադրվեց տենորներ չունենալու համար: Բայց տենորներ կան թատրոնից դուրս:

Բայց մրցույթի ժյուրին ո՞վ պիտի լինի, որ արդար որոշի լավն ու վատը:

Ժյուրիում կլինի, օրինակ՝ Հասմիկ Պապյան, որը երաշխիք կլինի…

Այդ ժամանակ էլ գուցե այլ երգիչներ բողոքեն:

Հարցն այն է, որ մեզ անգամ թույլ չեն տվել բեմում արտահայտվել: Եթե լինեն լսումներ, ապա ոչ մի երգիչ չի կարող դժգոհել, թե իրեն չեն տվել դերերգը: Իսկ հիմա անգամ հնարավորություն չեն տալիս, մրցույթ չեն անում:  Եթե մրցույթ լինի, ապա թատրոններում մենաշնորհ չի լինի: Ավելին ասեմ՝ օպերայի թատրոնում կան երգիչներ, որոնք, օրինակ, 3 տարում մեկ անգամ են ելույթ ունենում, սակայն  բարձր աշխատավարձ են ստանում: Թատրոնում պետք է վերանայել սա եւ յուրաքանչյուր դերի համար պայմանագիր կնքել, ինչպես եւրոպական երկրներում: Մինչդեռ աշխատավարձի սիստեմը  խոչընդոտում է թատրոնի  տնօրինությանը եւ ղեկավարությանը՝ նոր կադրեր ներգրավելու:

Հ.Գ. Հիշեցնենք՝ Օրբելյանի գործունեությունից դժգոհել էր նաև թատրոնի նախկին երգչուհի Անի Պիվազյանը:

Սոնա Դավթյան