Գլխավոր Լուրեր Փաշինյանը գոհ է բանակցությունների արդյունքներից

Փաշինյանը գոհ է բանակցությունների արդյունքներից

10
0

Կարող ենք արձանագրել, որ այս պահին գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից, և կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր թափ հաղորդելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

«Արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում Հայաստանում, և մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան», — ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց  Անգելա Մերկելին՝ պաշտոնական այցով իրեն Գերմանիա հրավիրելու համար:

«Ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգն անշրջելի են Հայաստանի համար: Ուրախ ենք, որ և՛ Գերմանիան, և՛ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ են՝ Հայաստանին աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիության մեր գործընկերները և Գերմանիան՝ առավել ևս, այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դնում և չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Սա նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը: