Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը:

Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով Արմեն Ղուլարյանին, վստահեցրել է, որ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի, քարտուղարի և խորհրդի բոլոր անդամների հետ հետագա համագործակցությունը կնպաստի համալսարանի զարգացմանը և առաջընթացին: Նա կարևորել է Քաղաքաշինության կոմիտեի և համալսարանի ակտիվ համագործակցությունը ինչպես բուհի, այնպես էլ ոլորտի զարգացման գործում:

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է, որ անչափ պատասխանատու է համալսարանի հեղինակավոր գիտնականների, դասախոսների և ուսանողների հետ աշխատելը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից անմիջապես հետո խորհրդի անդամների առաջարկով գումարվել է երկրորդ նիստը, որի ընթացքում ռեկտորը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հաշվետվությունը և բյուջեի կատարողականը: Ըստ Եղիազար Վարդանյանի՝ 2021 թվականի բյուջեն գերակատարվել է շուրջ 318 միլիոն դրամի չափով, իսկ 2022 թվականի բյուջեի առաջարկվող նախագիծը, 2021 թվականի համեմատ, ունի դրական աճ՝ շուրջ 694 միլիոն դրամի չափով: Նա նաև ներկայացրել է համալսարանի միջազգային վարկանիշավորման ցուցանիշները և գիտության ոլորտում գրանցած ձեռքբերումները:

Անդրադառնալով համալսարանի 2022 թվականի առաջնահերթություններին՝ նշվել է, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի թարմացմանը, արտասահմանցի ուսանողների ներգրավմանը և կրթության որակի բարձրացման հարցերին:

Հոգաբարձուների խորհուրդը խիստ կարևորել է ուսանողների և աշխատակիցների համար նախատեսված սոցիալական ծրագրերը, ինչպես նաև հաստատել 2022 թվականի բյուջեն և ներկայացված բոլոր ծրագրերը։

455