«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երեք ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան՝ մինչև 2024թ. առաջին եռամսյակ։ Ավելի վաղ նախատեսված էր ակցիան ավարտել հունվարի 1-ին:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել սեպտեմբերի 25-ից հետո։ Շուրջ երեք ամսվա ընթացքում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի:
Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթևեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին՝ № 684/687 Երևան-Գյումրի-Երևան, № 686/685 Երևան-Գյումրի-Երևան, № 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի, № 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս և № 6512/6517 Երասխ-Երևան-Երասխ: