
Այսօր Վրաստանի խորհրդարանի ընտություններ են։ Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 48 կուսակցություն և երկու դաշինք:
Նշենք՝ նման ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանի ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով ընտրական շեմը կուսակցությունների համար իջեցվել է մինչև մեկ տոկոսի, իսկ դաշինքների համար դա հավասար է այնքան տոկոսի, որքան կուսակցություն միավորված է դաշինքում։
Քվեարկության ավարտից անմիջապես հետո, հրապարակել են էքզիթ-փոլի արդյունքները։ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն առաջին տեղում է՝ 41%, երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժումն» է` 23%:
Սակայան ընդդիմության հեռուստաընկերությունների պատվերով անցկացված հարցումների համաձայն, կառավարություն կազմելու եւ հաստատելու համար «Երազանքին» կարող են ձայները չբավարարել։
Միանձնյա կառավարություն կազմելու իրավունք ստանալու համար քաղաքական ուժը պետք է հավաքի ձայների առնվազն 40,54%-ը: Եթե ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը չի հաղթահարում այս շեմը, ապա խորհրդարան մտած կուսակցությունները ստիպված կլինեն կազմել կոալիցիոն կառավարություն: Եթե դա տեղի չունենա երկու շաբաթվա ընթացքում, ապա երկրի նախագահն իրավունք ունի ցրելու խորհրդարանը և նշանակելու նոր խորհրդարանական ընտրություններ:
Նշենք, որ ըստ էքզիթ-փոլի արդյունքների՝ Ջավախքից հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ ընտրողների 65% ձայնի առավելությամբ։