Կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ Աշխատանքային օրենսգրքում: Նոր համակարգի` Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման հարթակի ներդրման առնչությամբ բավականին հարցեր և մտահոգություններ են առաջացել գործատուների շրջանում և աշխատողների ներկայացուցչական մարմիններում՝ արհմիություններում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հարցի առնչությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որին մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից՝ գործադիրից և օրենսդիրից, արհմիություններից, Ամերիկյան առևտրի պալատից:

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի ներկայացմամբ մտահոգությունները շատ են` անձնական տվյալների պաշտպանություն, համակարգի հուսալիություն: «Համակարգն այնքան մատչելի պետք է լինի, որ ոչ գործատուից և ոչ էլ աշխատողից չպահանջվի որևէ ֆինանսական լրացուցիչ ծախս, իսկ աշխատողը հեշտությամբ կարողանա մուտք գործել համակարգ, տեսնել կազմած պայմանագիրը և «հաստատում» կոճակով ընդունել գործատուի կողմից առաջարկված աշխատանքային պայմանագիրը, որը կհամարվի պայմանագրի կնքում էլեկտրոնային հարթակի միջոցով»,- մանրամասնել է Հերիքնազ Տիգրանյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային շտեմարանների թվայնացմանը, թվային համակարգում մուտքագրման գործընթացին:

Կարևորելով նման քննարկումները` հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարցը մինչև խորհրդարանում քննարկելը պետք է հասկանալ բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ` այն կիրարկելի և իրատեսական դարձնելու համար:

641