
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ТАСС -ին տված հարցազրույցում բնութագրել է ռուս-հայկական հարաբերությունները, նկարագրել, թե ինչպես է զարգանում երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը և գնահատել Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորությունը։
- Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ֆոնին դեսպանատան ներկայացուցիչները ինչ-որ կերպ քննարկե՞լ են ապագայում Հայաստան բարձր մակարդակի այցեր կազմակերպելու հնարավորությունը: Երեւանի այս քայլը կազդի՞ երկրների միջեւ շփումների հաճախականության վրա։
- Այս հարցը դեսպանատան միջոցով չի քննարկվել։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նախկինում, այն է, որ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։ Մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն (Միջազգային քրեական դատարան) իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։ Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին։ Նույնիսկ այն փաստը, որ դուք բարձրացրեցիք այս հարցը, արդեն իսկ ցույց է տալիս, որ այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական փոխգործակցության ամրապնդմանը։