Բոլոր ավտոբուսների վրա համապատասխան սարքերը տեղադրված են. բացի այդ, մինչեւ տարեվերջ կտեղադրվեն բոլոր տրոլեյբուսների վրա: Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Վալիդատորները տեղադրված են նաեւ մետրոյի բոլոր կայարաններում երկուական անցարգելների վրա: Բոլոր անցարելների վրա չի տեղադրվում, որովհետեւ նոր անցարգելներ ենք ունենալու բոլոր կայարաններում առաջիկա երեք ամսում: Դրանք բոլորը հագեցակ կլինեն վալիդատորներով»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ուրախ եմ, որ այս հանձնարարականը եւս կարող ենք համարել կատարված: Շատ կարևոր է, որ մենք այս սարքերը և QR կոդերը փորձարկենք մինչև ամբողջական նոր տոմսային համակարգի անցնելը, բոլոր խնդիրները բացահայտենք»:
Քաղաքապետը հիշեցրեց, որ հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր տրամաբանություն. «Ունենալու ենք նոր տեսակի պրոդուկտներ, կլինեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր: Կգործեն տարատեսակ սակագներով»,-ասաց Ավինյանը: