Հունվարի 1-ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, հայտնում է Kyodo գործակալությունը։

Վերջին տվյալներով՝ տուժել է 560 մարդ:

2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ էր: Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ: Որոշ վայրերում ալիքների բարձրությունը հասել է 4,2 մետրի։

Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 1370 տուն։ Իսիկավա պրեֆեկտուրայում 66 հազար տնային տնտեսություն մնում է առանց ջրի, իսկ ավելի քան 23,9 հազար տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության։ Բացվել է 357 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 30,7 հազարը։

Երեկ 90-ամյա մի կնոջ ողջ են գտել ու փրկել այս հատվածում գտնվող Սուձու քաղաքի ավերված տան փլատակների տակից՝ երկրաշարժից 124 ժամ անց։

482