Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ և այլն, այս և մի շարք նախագծեր իրագործվել են երիտասարդ ուսանողների կողմից, որոնք սովորել ու հմտություններ են ձեռք բերել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Հայ կրթական հիմնարկության կողմից իրականացվող «Խորը ինժեներական կրթական ծրագրի» շրջանակում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյումրու տեղեկատվական  տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նշեց, որ ծրագիրը 16-17 տարեկանների համար է։ Այն նախատեսված է երկու տարվա համար՝ ընդգրկելով տեսական, գործնական դասընթացներ։ Երկրորդ փուլում ուսանողներն աշխատում են բացառապես պրոդուկտ ստեղծելու վրա։

«2020 թվականի պատերազմից հետո նման ծրագիր իրականացնելու գաղափար առաջացավ։ Որոշեցինք իրականացնել մի ծրագիր, որով երիտասարդների համար հմտությունների զարգացման լայն հնարավորություն կստեղծվի։ Նրանք կկարողանան տեխնոլոգիական, մեխանիկական, ինժեներական գիտելիքներ ստանալ։ Մեր ծրագիրն իր մեջ ներառում է մեխանիկական ինժեներություն, էլեկտրոնիկա, ծրագրավորում։ Դասընթացի շրջանակում երիտասարդները ստեղծում են իրական պրոդուկտ, որը կիրառելի է տարբեր ոլորտներում»,-ասաց Ամալյա Եղոյանը։  

Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին։ Մեկնարկը տրվել է Շիրակի մարզում։ Առաջին տարվա հաջողությունից հետո ծրագիրն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։ Այդ ընթացքում իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայ օգնության ֆոնդը։ Մինչ այժմ ծրագիրն ունեցել է 150 շահառու։ Ի սկզբանե դիմորդների քանակը բավական մեծ է եղել, ընտրվել են լավագույնները, որոնց հետ սկսել են աշխատել մասնագետները։

«Առաջին երեք ամսում շահառուները բոլոր երեք ուղղություններով դասընթացներին մասնակցում են, հետո առանձնացվում են խմբեր ու երբ սկսվում է պրոդուկտի ստեղծման աշխատանքը, ձևավորվում են աշխատանքային թիմեր։ Մեր ուսանողերը մեծ նախագծերի վրա են աշխատում ու արդյունք տալիս։ Օրինակ՝ 16 տարեկան երիտասարդները թափոնային մեքենայից նախագծել ու ստեղծել են Buggy տեսակի մեքենա։ Ցանկացողները կարող են գալ փորձարկել։ Այն շատ կարևոր բաղադրիչ կարող է լինել զբոսաշրջության ոլորտում։ Դա ոգևորեց մեր թիմին ու հաջորդ պրոդուկտը ստեղծվեց ու իր տեղը գտավ Մարմաշենում։ Շահագործման հանձնվեց տեխնոլոգիական հյուրատունը։ Այն ոչ միայն եռանկյունաձև գեղեցիկ տնակ է, այլև այնտեղ ամեն ինչ ավտոմատացված է»,-ասաց Ամալյա Եղոյանը։

Երիտասարդների հաջորդ նախագիծը խելացի կառավարման համակարգն է, որը կրում է «Վառեմ, մարեմ» անվանումը։ Այս համակարգը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով աշխարհի ցանկացած կետում կառավարել տան կամ գրասենյակի լույսերը, օդափոխության համակարգը, ջրել բույսերը և այլն։

«Իհարկե, հիմա շատերը կասեն, որ այստեղ նորություն չկա, այս լուծումները վաղուց աշխարհում կիրառում են։ Այո, այդպես, է, բայց ես կարծում եմ, որ  ժամանակն է խրախուսել, որ տեղում տրվեն այդ լուծումները, մերն ունենանք, որ մեր ստեղծածը կիրառենք մեր երկրի տարբեր ոլորտներում։ Այդ ճանապարհին էլ ի հայտ կգան նոր լուծումներ»,-ավելացրեց Ամալյա Եղոյանը։  

Հայ կրթական հիմնարկության Գյումրու տեղեկատվական  տեխնոլոգիաների կենտրոնի տարիների պատմություն ունեցող համագործակցությունը շարունակվելու է նաև առաջիկայում։ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը նշեց, որ այս ծրագրի իրագործման գաղափարին ծանոթանալով՝ մի պահ անգամ չեն վարանել հովանավորության հարցում։

«Պետության հիմքը կրթությունն է և մենք ամեն ինչ անում ենք մեր ներդրումն ունենալ նման կարևոր կրթական ծրագրերում։ Ծրագիրը սկսվեց Գյումրիում ու հիմա տեսնում ենք, որ տարածվում է այլ մարզերում։ Ի սկզբանե մեծ ոգևորություն կար, սակայն շատերը  լավ չէին պատկերացնում, թե ինչեր կարող են սովորել, վերջնարդյունքում ինչ կարևոր հմտությունների են տիրապետելու։ Այսօր արդեն 16 տարեկանները մեծ պորդուկտներ են ստեղծում։ Ասեմ, որ աղջիկները նույնպես շատ ակտիվ են։ Դասընթացի ավարտից հետ, օրինակ, լավագույն զոդող դարձել էր աղջիկ ուսանողներից մեկը։ Հիմա երիտասարդներից բաղկացած խմբերը նոր նախագծերի վրա են աշխատում»,-ասաց Արմինե Հարոյանը։

Առաջիկայում նախատեսում են ընդլայնել ծրագիրն առավել շատ երիտասարդների ներգրավելու համար։ Դրանից բացի բարերարի օգնությամբ Արմավիրում կառուցվում է արհեստների, արվեստների ու տեխնոլոգիաների քոլեջը։ Շինարարությունը կավարտվի այս տարվա վերջ։ Շաբաթ և կիրակի օրերին հատուկ ավտոբուսների միջոցով Հայաստանի բոլոր մարզերի աշակերտները հնարավորություն կունենան գալ ու քոլեջում մասնակցել դասընթացների։

1037