Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է:

Ինչպես հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը, ՀՀ-ում իր տարածվածությամբ այն գրավում է 2-րդ տեղը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Տարեկան հայտնաբերվում է 250-260 դեպք:

 

Առաջացման հիմնական պատճառներից են մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակները:

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

Արգանդի վզիկի քաղցկեղը քաղցկեղի այն եզակի տեսակներից է, որը հնարավոր է և՛ կանխարգելել, և՛ վաղ հայտնաբերել: Առաջնային կանխարգելումը քաղցկեղածին գործոնների ազդեցության բացառումն է և ՄՊՎ վարակի դեմ պատվաստումը:

 

Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կատարվում են 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափով: Պատվաստումն անվտանգ է: Այն կարող է կանխել մարդու պապիլոմավիրուսի 10 դեպքից 9-ը:

 

ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

Հիվանդության վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում ՊՇՌ մեթոդով` յուրաքանչյուր 5 տարին մեկ, և ՊԱՊ քսուքի պարբերաբար որոշում` 3 տարին մեկ:

 

Տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում բոլոր կանայք կարող են գինեկոլոգի խորհրդատվության դիմել, հայտնաբերել նախաքաղցկեղային հիվանդությունները և բուժել, հանձնել ՊԱՊ և մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեստ:

 

ԱՆ-ն նախատեսում է կազմակերպել Մարդու պապիլոմավիրուսի և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման սքրինինգային ծրագիր` հիմնվելով միջազգային ուղեցույցների վրա:

 

Ծրագիրը գտնվում է նախապատրաստման և միջազգային փորձագետների հետ քննարկման փուլում:

412