Կադաստրի կոմիտե- Տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի «Վարդենիս» սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը մինչև սույն թվականի փետրվարի 28-ը գտնվում է արձակուրդում, իսկ գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն, անդրադառնալով Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի փակվելու մասին տեղեկությանը, տեղեկացնում է, որ չկա և չի եղել նմանօրինակ որևէ քննարկում։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծումով միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։

Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։

Հարկ է նաև ընդգծել, որ անձնագրային ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու պարագայում առաջանում է մի քանի տարին մեկ անգամ, անձնագիրն, օրինակ, ստանդարտ ընթացակարգով, տրամադրվում է 10 տարի ժամկետով։ Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը /ելքի կնիք/ չեղարկվել է ս.թ. հունվարի 1-ից, ինչով ևս վերացել է տարին մեկ անգամ անձնագրային ծառայություն այցելելու անհրաժեշտությունը։

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն- մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացվող ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։ Այս համատեքստում, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի անձնագրային ծառայությունը (ք. Վարդենիս, Լ.Ազգալդյան փ. 6) նախատեսվում է միացնել Մարտունու անձնագրային ծառայությանը (Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մյասնիկյան փ., շ. 9)։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի ՄՔԾ Մարտունու բաժին։

 

688