Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ վերոնշյալ արտոնության սահմանման շուրջ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների շրջանում. «Այժմ երբ հայտարարված է հարկման բազան ընդլայնելու, հանրային ռեսուրսները մոբիլիզացնելու ու հանրօգուտ նպատակներով հասցեական աջակցության ծրագրեր իրականացնելու քաղաքականություն, առաջարկվում է դադարեցնել արտոնության կիրառությունը»:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման փուլում գործադիրը երկու ամիս հնարավորություն  էր տվել գործարար շրջանակներին` պարզելու վերջիններիս հետաքրքրվածությունը հարցի շուրջ: Սակայն այդ ընթացքում ո՛չ Կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը չեն ստացել նոր դիմումներ:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե արտոնությունների կիրառման արդյունքում որքան գումար չի մուտքագրվել պետբյուջե: Ի պատասխան` զեկուցողը նշել է` այն մոտավորապես ՀՆԱ-ի 6 տոկոսի շրջակայքում է: «Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գործող հարկային արտոնությունները, որովհետև դրանցից յուրաքանչյուրը չհավաքագրված ու չծախսված հարկ է»,- ընդգծել է փոխնախարարը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են երկու խմբագրական բնույթի փոփոխություններ:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 21-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նախագծի լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

192