Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել երեխաներին՝ գնահատված անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Այս նպատակով 2024թ․ համար պետական բյուջեից նախատեսվել է ավելի քան 650 մլն դրամ՝ 4500 երեխայի համար։
 
ԱՍՀՆ-ից տեղեկացնում են, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցած և հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների միջոցով կմատուցվեն անհրաժեշտ ծառայությունները։
 
«Նախարարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում պետության ֆինանսավորմամբ անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն հանրապետության մարզերում և Երևան քաղաքում։
 
Ծրագրի շրջանակում այս պահին ապահովվում է ավելի քան 3500 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ անհրաժեշտ ծառայություններ տրամադրող կազմակերպություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

190