Մենք ՀԱՊԿ-ին հարց ենք տվել և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, և այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին մեր մասնակցության սառեցմանը:

«Իսկ հարցը շատ պարզ է, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին՝ Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա և նշեց, որ այդ հարցը ծագել է 2021 թվականի մայիսի իրադարձություններից հետո, 2021 թվականի նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո:

Նա նշեց, որ սառեցնել՝ նշանակում է, որ ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն մեկ տարի, ՀԱՊԿ միջոցառումներին արդեն տևական ժամանակ չենք մասնակցում: «Մենք որևէ բան չենք արգելափակում, բայց չենք մասնակցում, քանի որ չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ:

«ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք բողոքենք, մենք լիարժեք անդամ ենք և եթե որևէ պատճառով մեր ձայնը չի լսվում, մենք ՀԱՊԿ-ում դիտորդ չենք, կամ հյուր չենք, որ բողոքենք, մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք:  ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու ՀՀ նկատմամբ իր պարտավորությունները անվտանգային ոլորտում դիմակայելուն, ընդհակառակը անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար, և այդ դիրքորոշումը, ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, հետևաբար այս հանգամանքի բերումով, ՀԱՊԿ-ը ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»,- ասաց նա:

 

 

565