Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ մայրաքաղաքային սփռում ունեցող «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին ալիքը» հասանելի դարձնելու ՀՀ ամբողջ տարածքում: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ պատգամավորի՝ նախագծով առաջարկվում է Հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալ ևս մեկ համապետական ծածկույթով սլոթ, հեռուստաընկերություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային հեռուստաընկերության» բյուջեն գոյանում է ամբողջ հանրապետության քաղաքացիների վճարած հարկերով, և առնվազն վերջին 4 տարվա միջազգային հարցումները ցույց են տալիս, որ հեռուստաընկերությունը հանրության շրջանում դիտարկվում է որպես ամենադիտվող, ամենաօբյեկտիվ, և լրատվական հաղորդումները նույնպես 10 լավագույն հաղորդումների շարքում միշտ առաջատար եռյակում են լինում, մենք կարծում ենք, որ այս պահին անհրաժեշտություն կա Հանրային հեռարձակողը դարձնել համապետական սփռում ունեցող:

Նախաձեռնության ընդունման դեպքում «Կապույտ Հ1» ասվածի հետ զուգահեռ կլինի մեկ այլ հանրային հեռուստաընկերություն, որն ամբողջ հանրապետության տարածքով կհեռարձակվի՝ առանց մրցույթի և առանց լիցենզավորման»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Ի՞նչն է պատճառը, որ կապուղին մրցույթով չի տրամադրվում՝ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց՝ երկու կապուղի է տրված Հանրային հեռարձակողին, որից մեկը զբաղեցնում է Հայ Առաքելական եկեղեցին:

«Կարելի էր այդ կապուղին վերցնել և օգտագործել, բայց ավելի նպատակահարմար գտանք, որ հաշվի առնելով, որ տարիներ ի վեր ավանդույթի ուժով եկել է, և օգտագործել են կապուղին, պարզապես նոր սլոթ տրվի Հանրային հեռարձակողին:

Ասեմ ավելին. որպեսզի մյուս հեռուստաընկերությունների իրավունքները չխախտենք, այն սլոթը, որը հիմա զբաղեցնում է Հանրային հեռարձակողը երևանյան ծածկույթով, դուրս կգա և կդառնա հանրապետական սփռում ունեցող, որպեսզի մյուս հեռուստաընկերությունները չտուժեն, և մրցույթով դիմեն»,- ասաց նա:

383