Շատ կարևոր է, որ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, թե որ քարտեզներով է սահմանազատում լինելու, ցավոք, մինչ հիմա այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել, հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշի մարզից և որ թվականի քարտեզներով է իրականացվելու այն:

«Մեր շահերից է բխում սահմանազատման գործընթացը սկսել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Հայաստանի ղեկավարը պատրաստվում է հանդիպել այդ գյուղերի բնակիչներին, իսկ Ադրբեջանի ղեկավարը՝ ոչ, Արսեն Թորոսյանն ասաց. «Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը նաև անսալով ժողովրդավարությանն ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում են հենց այդ հատվածներում»,- ասաց նա և  կարևորեց, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում:

«Նույնիսկ եթե կլինեն լարվածություններ այդ խոսակցության ժամանակ, նույնիսկ եթե սկզբում կլինի չհասկացվածություն, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,- ասաց Արսեն Թորոսյանը։

 

 

 

330