ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինայի գոյությունը վտանգի տակ է։ Նա այս հայտարարությունն արել է Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի հարցով Կոնտակտային խմբի հերթական հանդիպմանը՝ փորձելով համոզել եվրոպացի դաշնակիցներին, որ Կիևին ռազմական օգնությունը պետք է մեծացնել։ 

«Այսօր Ուկրաինայի գոյատևումը վտանգի տակ է, ինչպես նաև Ամերիկայի անվտանգությունը։ Ես հեռանում եմ այստեղից լիակատար վճռականությամբ՝ պահպանելու ամերիկյան ռազմական օգնության հոսքը Ուկրաինային։ Դա Ուկրաինայի գոյատևման և ինքնիշխանության, ինչպես նաև Ամերիկայի պատվի ու անվտանգության հարց է»,- հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է Վաշինգտոնը պատրաստվում աջակցել Կիևին՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման։

Մարտի 19-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է դաշնակից պետություններին՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու խնդրանքով, նշում է Reuters-ը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը 130 հրթիռ, ավելի քան 320 անօդաչու թռչող սարք և մոտ 900 կառավարվող ռումբ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ասել է Զելենսկին։

463