ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները։ 

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրել է՝ Հայաստանը 2000-ականներին հարաբերությունների մի փուլ է անցել, երբ ԵՄ-ը ունեցավ իր ամենախոշոր ընդլայնումը. «Միանգամից 10 արևելաեվրոպական պետություն դարձան ԵՄ անդամ, և այդ ժամանակ էր, որ ԵՄ-ը մեկնարկեց նախ եվրոպական հարևանության, ապա նաև՝ արևելյան գործընկերության քաղաքականությունը, և Հայաստանը երկուսին էլ մասնակից էր։ Պիտի ասեմ, որ արևելյան գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանքներ է տարվել։ Եվ հենց այս շրջանում էր, որ Հայաստանի կառավարությունը սկսեց նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»։ 

Ըստ նրա՝ սրանք նոր տիպային համաձայնագրեր էին։

Պատգամավորը հիշեցրեց, որ թեև Հայաստանը արժանացել էր եվրոպական կողմի դրվատանքին, որ առաջընթաց է գրանցել այդ բանակցություններում, 2013թ. սեպտեմբերի իրադարձությունների բերումով ՀՀ-ն հրաժարվեց այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձավ Մաքսային միության անդամ։ Եղոյանը հիշեցրեց, որ այդ իրադարձություններից հետո ստորագրվեց համաձայնագիր, որտեղից հանվեց ազատ առևտրի վերաբերյալ դրույթը․

«Իմ կարծիքով՝ այս համաձայնագիրը մեր հանրության մեջ, նաև՝ փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված համաձայնագիր է։ Նկատի ունեմ, որ գործող համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու դեպքում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։ Սա նույն համաձայնագիրն է, որն ունեին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան՝ առանց ազատ առևտրի վերաբերյալ հատվածի»,- ասաց պատգամավորը։

255