Խորհրդարանում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության, այլ ոլորտներում գենդերային հավասարության կարեւորության մասին զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ ապրիլի 9-ին կայացած հանդիպման ժամանակ:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ տնտեսական եւ ՀԱՊԿ անվտանգային հարցերում փոխգործակցությանը:

Պատգամավորը խոսել է ԵՄ համագործակցության մասին եւ նշել, որ հայկական արտադրանքի որակը պետք է հասցնել եվրոպական արտադրանքի չափանիշներին, ինչը հնարավորություն կտա այն արտահանել ԵՄ անդամ երկրներ:

Հասմիկ Հակոբյանը պատասխանել է ուսանողի այն հարցին, թե ինչպես կարելի է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ: «Պետք է հասկանալ՝ ինչի՞ց է, որ կեղծ տեղեկատվությունն ավելանում է: Դրանք վերահսկողությունից դուրս լրատվական հարթակներն են՝ տելեգրամ, սոցիալական հարթակներ, որոնք լրատվամիջոց չեն համարվում, սակայն բլոգերներն ունենում են ավելի մեծ լսարան»: Պատգամավորը մանրամասնել է նաեւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատակարգը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին:

287