ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեր դ՚Արժանն անդրադարձավ Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությանը: Դրա նպատակն, ըստ դ՛Արժանի, քննարկումից բացառելն է Հայաստանի առաջ քաշած որոշ պնդումներ, մասնավորապես` էթնիկ հայերի կամայական ձերբակալությունների և բռնի անհետացումների մասին, ինչպես նաև Հայաստանի այն պահանջները, որոնք վերաբերում են էթնիկ հայերի նկատմամբ իրականացված տարբեր բռնություններին:

 

Հայաստանի շահերի պաշտպանը նշել է, որ Ադրբեջանը երեկ ընդունել է, որ դատարանի կողմից դիտարկվող հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, այլ ոչ սովորական միջպետական պատերազմ:

 

«Այս հակամարտությունն էթնիկ է, քանի որ երեք տասնամյակ Ադրբեջանը տարածքային ամբողջականության պատրվակով հրաժարվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ իր նախնիների հողերում բնակվող հայերի ինքնորոշումը: Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի որոշումը՝ վերջ տալ այդ ինքնորոշմանը 2020 թվականին ռազմական գործողությունների միջոցով և 2023 թվականի սեպտեմբերին։

 

Այն, ինչ Ադրբեջանն իր նախագահի շուրթերով անվանում է «ազատագրական պատերազմ» կամ «հայրենական պատերազմ», հանգեցրել է էթնիկ հայերի հիմնարար իրավունքների բազմաթիվ խտրական խախտումների: Ավելին՝ այս պատերազմը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը՝ հակառակ դատարանի վճիռների, որոնք ուղղված էին Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությանը, որոնք գտնվում էին լուրջ վտանգի տակ»,- ասել է դ՚Արժանը:

357