ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությանը և հասարակայնության հետ կապերի բաժինը, նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
 

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել էին խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

 

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներին պատճառել էր կտրած վերքի ձևով, առողջության կարճատև քայքայումով առողջության թեթև վնասվածքներ:

 

Շարունակելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել էր նաև ինքն իրեն:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

616