Պատերազմի վտանգի և զորքերի հայելային հետքաշման մասին հանդիպման ժամանակ խոսք չի եղել։

Այս մասին 24News-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակչներից մեկն ու մանրամասնել, թե ինչի մասին է Ոսկեպարում խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«90 տոկոսով ժողովրդին խոսք է տվել, որ մեր ուզածն է լինելու։ Ինքն ասել է՝ ոչ մեկին չհավատանք։ Կա՛մ անձամբ կգամ կներկայացնեմ, կա՛մ համապատասխան պաշտոնատար մարդիկ կգան։ Զրույցի ժամանակ Ադրբեջանի մասին խոսք չի եղել, ոչ էլ՝ 4 գյուղերի»,- ասել է նա։

Ոսկեպարցին նաև տեղեկացրել է, որ հիմնական զրույցը ծավալվել է Ներքին Ոսկեպարի և Վերին Ոսկեպարի վերաբերյալ։

«Վարչապետն ասել է՝ փորձում եմ բանակցությունները տանել այնպես, որ Ներքին Ոսկեպարի սահմաններից այս կողմ չգան, գետից այն կողմ հակառակորդը մնա։ Վերին Ոսկեպարի դեպքում էլ ասել է՝ փորձելու են բանակցություններ տանել, առաջարկելու են օպտիմալ լուծումներ, փոխանակման տարբերակներ։ Այդ դեպքում էլ կգա, ժողովրդի հետ կքննարկի, կներկայացնի։ Փոխանակումը Բերքաբերի տարածքում հողեր ունենք, դրանք կփոխանակվեն Ներքին Ոսկեպարի այս տարածքների հետ»,- մանրամասնել է զրուցակիցը։

Ոսկեպարում խոսվել է նաև այլընտրանքային ճանապարհի մասին. «Ճիշտն ասած՝ մենք չէինք սպասում, որ երկրորդ անգամ կգա վարչապետը, բայց եկավ, ասեց՝ ձեր թիկունքում ոչ մի հարց չեմ լուծելու, փորձելու եմ դրանք լուծել ձեզանով։ Հիմա ժողովուրդը սպասում է, մի քիչ էլ են ուզում սպասեն, տեսնեն՝ լինում է դա իրականում, թե չէ: Այսօր եկել էր ժողովրդի հետ անկեղծ խոսելու, անկեղծ զրույց եղավ, փորձում ենք հավատալ էդ անկեղծությանը, ինչո՞ւ չհավատանք երկրի վարչապետին։ Ինքը, ժողովրդին հարգելով, նաև՝ ընդվզումը, եկավ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1270