Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Արմենի Հակոբյանի բուժման նպատակով:

Նշվում է, որ Մանվել Հակոբյանը պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում՝ Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով:

Գումարը հատկացվում է իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ծախսերը փոխհատուցելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մանվել Հակոբյանի՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին հատկացվել է 50 մլն 486  հազար դրամ, որը ներառում էր բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը (այդ թվում ուղեկցող անձի):

Մանվել Հակոբյանի հոր՝ Արմեն Հակոբյանի կողմից ներկայացվել են փաստաթղթեր առ այն, որ Մանվել Հակոբյանի առողջական վիճակից ելնելով բուժման ժամկետները երկարաձգվում են՝ կապված տեղադրված նեյրոստիմուլյատորի կարգաբերումներով, ինչի պատճառով կատարվել են բուժման և կեցության լրացուցիչ ծախսեր: Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 5,022.1 հազար դրամ՝ ներառյալ ուղեկցող անձի կեցության ծախսերը:

Այդ գումարը կփոխանցվի Մանվել Հակոբյանի բանկային հաշվեհամարին:

275