«Ինձ հասած տեղեկությունների համաձայն այդ ցուցարարների շարքում քիչ թիվ են կազմում տեղաբնիկներ ու կան տեղեկություններ, որ ըստ էության Երևանից ու այլ շրջաններից շրջիկ խմբեր են Տավուշում գտնվում որոշակի առաջադրանքով, որպեսզի նկարահանումների ընթացքում որոշակի խտություն ապահովվի ցուցարարների»: Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների դեմ իրականացվող բողոքի ցույցերին։

Խալաթյանը վստահեցնում է, որ ցույցերի կազմակերպիչների նպատակն է վիժեցնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Հիմա մենք զարգացում ենք արձանագրել այդ գործընթացում, մասնավորապես կողմերը երկուստեք պատրաստ են շարժվել ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։ Իհարկե, Ալիևը սիրում է իր խոսքը դրժել, բայց այս մարդկանց նպատակը այն է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ չպետք է ունենա դելիմիտացված ու դեմարկացված սահման ու մշտապես լինի պոտենցիալ կոնֆլիկտի որոշակի օջախ։ Դա հնարավորություն կտա կոնֆլիկտը թեժացնել ու ՌԴ-ն կփորձի որպես «խաղաղապահ»  այդտեղ հանդես գալ և դրանով նոր գործիքներ կլինեն Հայաստանին ու Ադրբեջանին իրեն ենթարկեցնելու համար»։

Խալաթյանի խոսքով՝ ՌԴ-ն փորձում է Հայաստանի իրական անկախացումը թույլ չտալ և փորձում են ստեղծել տպավորություն, որ կա հասարակական դիմադրություն Կառավարության որոշումների նկատմամբ ու դրանով հանդերձ ստվեր նետել այդ գործընթացի նկատմամբ, իսկ հետագայում անցնել ավելի մեծ պրովոկացիաների․ «ՌԴ-ն փորձում է Տավուշի այդ հատվածում տեղակայել ՀԱՊԿ զորքեր և դա այն փաստաթուղթն է, որը հրաժարվել է ստորագրել Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Այն ենթադրում էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ զորքերի տեղակայում, ինչով ՀՀ-ն աբխազացվում  էր ու կարելի է ասել, որ  կվերականգնվեր այսպես կոչված Խորհրդային Հայաստանը։ Իմ տեղեկություններով հիմա Տավուշում տեղակայված ռուսական հենակետերում բազմազգ ներկայացուցիչներ կան, որոնց ազգային պատկանելիությունը համընկնում է ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային պատկանելությանը՝ ղազախ, ղրղզ, տաջիկ, որոնք նաև գյուղում առևտուր են անում։ Այսինքն ՌԴ-ն այդ կոնտիգենտը պատրաստի պահում է, բայց ՀՀ-ն հրաժարվում է դրան իրավական լեգիտիմություն տալ ու հիմա ՌԴ-ն փորձում է հասնել դրան ուժով ու պարտադրելով»:

Խալաթյանը նշում է, որ ՀԱՊԿ-ը իրավունք չունի այնտեղ զորքեր տեղակայել առանց Հայաստանի համաձայնության և ՌԴ-ն իր այնտեղ գտնվող բազմազգ զինվորականներին քողարկում է 102-րդ ռազմաբազայի կոնտիգենտի ներքո։ Այսինքն անունով դա ռուսական 102-րդ ռազմաբազայի կոնտիգենտ է, բայց դա ինչքանով հասկանում եմ սուտ է ու դրանք ՀԱՊԿ-ի ուժեր են, որոնք ՀՀ-ում քողարկված կան ու ֆորմալ առումով ամրակցված են 102-րդ ռազմաբազային։ Եթե առանց ընդունող պետության հրավերի կամ առանց իրավական հիմքի տեղալայվեն ՀԱՊԿ զորքեր, ապա դա կլինի օկուպացիա։ Հիմա ՌԴ-ն այս քայլերով փորձելու է ստիպել ՀՀ-ին ստորագրել համապատասխան փաստաթուղթը, որը իրեն իրավական առումով հնարավորություն կտա ՀԱՊԿ զորքեր տեղակայել Հայաստանում»։

Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե ՀԱՊԿ զորքեր տեղակայվեն այդ հատվածում, Խալաթյանը ասաց․ «ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատում տեղի չի ունենա ու ՀՀ-ն ու Ադրբեջանը միջպետական սահման չեն ունենա։ Միայն միջպետական սահմանն է երաշխիք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կկարողանան գնալ խաղաղության ու ինստիտուցիոնալիզացնել խաղաղությունը այս տարածաշրջանում։ Նման պարագայում նաև որևէ երրորդ երկիր հնարավորություն չի ունենա իր խաղաղության բրոկերությունը իրականացնել։ Ընդհանրապես ՌԴ-ի նպատակն է, որ որևէ նախկին խորհրդային հանրապետություն չունենա Ֆիքսված սահման ու ինքը լինի սահմանագիծը առաջ ու հետ տանողը ու դրանով ապահովի իր ներկայությունը տվյալ տարածաշրջանում։

Դիտարկմանը, որ ՌԴ-ն որքան էլ ցանկանում է այստեղ հակասություններ առաջացնել ժողովրդի ու Կառավարության միջև սակայն չի ստացվում ու այդ ցույցերը կառավարելի է, հետևաբար ինչ այլ տարբերակ ունի ՌԴ-ն իր նպատակները իրագործելու համար, Խալաթյանը ասաց․«Ես չեմ բացառում երկրորդ «Հոկտեմբերի 27»-ի հնարավորությունը։ Ի վերջո ՌԴ-ն Մաքիավելիի մոդիֆիկացված մոտեցումներով է առաջնորդվում, երբ նպատակը արդարացնում է միջոցները ու ես չեմ բացառում զինված սադրանք, քանի որ մեզ մոտ ավտոմատավոր ռոմանտիկների պակաս չի զգացվում ու դրա համար ՌԴ-ի գործիքակազմում կան նաև նման հնարավորություններ ու պետք է զգոն լինել ու ավելացնել պետական ինստիտուտների պաշտպանողականությունը»։

Ընդհանրացնելով իր խոսքը Խալաթյանը նշեց, որ Մոսկվայի նպատակը քաղաքական, ռազմական կամ ահաբեկչական ձևով կասեցնել Կառավարության գործունեությունը խաղաղության հասնելու համար․ «Նպատակը հրահրել լոկալ պատերազմ ու ադրբեջանկան զորքերի ներխուժում Հայաստանի տարածք՝ օրինակ կտրել Տավուշը ՀՀ-ի մնացյալ մասերից, ու ստիպել, որ ՀՀ-ն ղեկավարույթունը ինքը խնդրի, որ ՀԱՊԿ ուժեր տեղակայվեն Տավուշում»։

Դավիթ Լևոնյան

845