Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները շրջում են դիմապակին ամբողջությամբ մուգ, սև թաղանթապատված և կողային ապակիները մգացված վիճակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում իրականացել է հատուկ օպերացիա:

Պարեկները նախ ճշտել են նրանց երթուղու ենթադրյալ վայրը և մի քանի ճանապարհահատվածների դարանակալել ու և կարճ ժամանակում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են նշված ավտոմեքենաները։

Պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդ 24-ամյա Արթուր Գասպարյանը եղել է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենան՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց տեխնիկական զննության, կողային ապակիները մգեցված, դիմացի ապակին էլ ՝ թաղանթապատված, իսկ «Range Rover»-ի վարորդ 31-ամյա Սուրեն Հարությունյանը ավտոմեքենան վարել է մգեցված կողային ապակիներով և թաղանթապատված դիմապակիով։

Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ավտոմեքենաներում են եղել քրեական պատմություններով հայտնի, մի քանի քրեական գործով այս պահին էլ անցնող, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, մի քանի քրեական գործերով անցնող, Երևանի Արաբկիր վարչկան շրջանում բնակվող 29-ամյա Վոլոդիա Մուդիրյանը, նրանց ընկերները, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ 40-ամյա Սուրեն Գասպարյան ու 29-ամյա Գևորգ Խոստեղյանը։

Կայքը հայտնում է, որ երբ պարեկները ավտոմեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք «Ճվճվ Արո»-ի որդի «Սերժուլիկ» մականվամբ Ս․ Վարդանյանը փորձել է պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա ՝ դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից կուղարկի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։

Ի վերջո, երիտասարդը տաքսիով վերադարձել է Երևան։

623