«Մի հին ընկեր ունենք, որը Ոսկեպար-Կիրանց գծի ակտիվ աջակիցներից է։

Վերջերս ինձ մեղադրել է այն բանի մեջ, որ այս քաղաքական գծի շրջանակում՝ հաշվի առնելով բոլոր ֆակտորները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, մենք ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի «Միութենական պետություն», և մեղադրել ու միաժամանակ հորդորել է ինձ բանավեճի մեջ չմտնել իր հետ ու որևէ հակափաստարկ չբերել, հավանաբար՝ դե, ես, մեկ է, բան չեմ հասկանում՝ տրամաբանությունից ելնելով: Կարճ ասած՝ ինքը ճիշտ է և վերջ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ շարունակելով.

«Քանի որ այս նույն տրամաբանության մեջ և վերջին իրադարձությունների ֆոնին հիմա էլ դարձել ենք ապազգային և ապապետական տարր, ամենայն անկեղծությամբ խնդրում եմ ինձ բացատրել՝ ըստ ձեզ՝ ձեր պատկերացումով, ձեր մտածելակերպով, ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ՝ ո՞րն է ապապետականը, ապազգայինը:

Կրկնեմ՝ ամենայն անկեղծությամբ ինձ հետաքրքիր է՝ ո՞վ ինչպես է հասկանում այս ձևակերպումները, ո՞ւմ համար ինչ են սրանք նշանակում՝ անկախ նրանից՝ անձամբ ինձ կհամարի ապապետակա՞ն, ապազգայի՞ն, թե՞ հակառակը, թե՞ սաղ իրար հետ միասին:

Հ.Գ. Հորդորում եմ՝ եթե կարձագանքեք հարցիս և կարտահայտեք ձեր կարծիքը՝ անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվում այս կամ այն մարդուն, մեկնաբանություններում պահպանեք կոռեկտությունը:

Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»:

491