Ապրիլի 28-ին փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն։

Առնուվիլ քաղաքի Վարագա Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան աղոթք՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հաջորդեց քայլերթ դեպի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը։

Հուշարձանի առջև ծաղկեպսակներ զետեղվեցին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանի, Առնուվիլի քաղաքի և Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդների, տեղի հայ և ասորի համայնքային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև՝ Սարսելի փոխպրեֆե Դոմինիկ Լըպիդիի և Վալ-դ’Ուազ դեպարտամենտի նախագահ Մարի-Քրիստին Կավեկիի անունից։

Ելույթներով հանդես եկան Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, փոխքաղաքապետ Քրիստոֆ Ալթունյանը և դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

329