Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 5-ին ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում։  

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարությունից, տեսչական դիտարկումները լուրջ խախտումներ են արձանագրել Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. նախորդիվ ևս այս քաղաքում արձանագրվել էին տարատեսակ թերություններ, որոնց հիմքով և պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումներ էին կայացվել։ Օգոստոսի 5-ին արձանագրված խախտումները ևս կներկայացվեն պարետին։

Հանրապետության մի շարք քաղաքներում զուգահեռ տարվող դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել այլ հանգստյան տներում։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ և տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

 ԱԱՏՄ մասնագետներն օգոստոսի 5-ին դիտարկումներ են անցկացրել նաև Երևանում գործող մի շարք խոշոր հյուրանոցներում։

Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանված անվտանգության կանոնների պահպանումը։ Տվյալ դեպքում ուշադրության են առնվում հյուրանոցային համալիրների ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանումը, սահմանված կանոնների կիրառման համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, ինչպես նաև ախտահանման, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարման գործընթացը։

Դիտարկվում է այցելուների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման ընթացքը, ներառյալ՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցված լինելը։

Տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։

479