Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր բոլորի երկրների, այդ թվում՝ ՌԴ և Հայաստանի համար, դրական է այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս շատ հաջող զարգանում են»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը ևս՝ թե ՌԴ, թե ՀՀ համար դրական բնույթ է կրում։

«Լրացավ ԵԱՏՄ տասնամյակը, այս ընթացքում մեր երկրների, այդ թվում՝ ՌԴ և Հայաստանի համար, դրական բնույթ է կրում այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,- ասել է Պուտինը։

Վերջինիս տվյալներով՝ ՀՀ համար ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը 2015 թ․ ի վեր զգալիորեն աճել է։ Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ ծավալը՝ ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը։

«ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքի ընթացքում, իհարկե, հնարավորություն կա խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի մասին, այդ թվում՝ անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին»,- ասել է Պուտինը։

ՀՀ վարչապետը հայտնել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահի հետ քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

«Վերջին անգամ մենք հանդիպել ենք նախորդ տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր կուտակվել են հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Իհարկե, տնտեսական ոլորտի հարցերը մենք արդեն քննարկել ենք նիստի ընթացքում և հիմա, հուսով եմ և վստահ եմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային հարցեր»,- ասել է Փաշինյանը։

568