ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթի նպատակներն են`
- զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը.
- ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում.
- խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝
- կունենան կիրառական նշանակություն.
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը.
- գաղափարը պետք է ունենա հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից.
- փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով.
- մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մասնավորապես՝ մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա).
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (մասնավորապես՝ ռոբոտատեխնիկական համակարգեր).
- Մանկավարժական տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ մանկավարժական, պատմական, բանասիրական և հոգեբանական գիտություններ).
- Ռազմական անվտանգության համակարգեր, (մասնավորապես՝ ռազմական, տեխնիկական գիտություններ).
- Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը ներառյալ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարով