Քաղաքացիները եթե բողոք ունեն, դա պետք է անեն առանց մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին օրենքը խախտելու․ մենք այնպես ենք ակցիա արել, որ քաղաքացիներին շատ նեղություն չտանք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

«Երբ մենք ճանապարհ էինք փակում, մարդիկ դրան բարի էին վերաբերվում, իջնում էին, քննարկումներ էին անում մեզ հետ։ Ես չեմ տեսել, բայց եթե քաղաքացիներին նեղություն են պատճառում, այդ նեղությունն էլ վիճաբանության է վերածվում, ապա իրավապահները պարտավոր են դա կարգավորել և մարդկանց ազատ տեղաշարժն ապահովել»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ ինքը չի քվեարկելու ՀՀ լեգիտիմ վարչապետի հրաժարականի պահանջին կողմ, քանի որ վարչապետը ընտրվել է առանց ընտրակաշառքի։

«Ես մի քանի կադրեր եմ տեսել, երբ ԱԺ պատգամավորը մունաթ է գալիս մարդկանց վրա։ Երբ մենք հեղափոխություն էինք անում, ոստիկանը մերն էր, հիմա էլ է մերը, նախկինում էլ էր մերը, մեզ էլ են բերման ենթարկել, բայց մենք ոստիկանին չենք անիծել ու հայհոյել, նա իր պարտականությունն է անում օրենքով սահմանված կարգով, իրենք քննադատում են ոստիկաններին, այն քաղաքացիներին, որոնք իրենց չեն միանում»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք հաջողության կհասնի այս շարժումը։

Համեմատելով 2018 թվականի իրադարձությունների հետ՝ պատգամավորը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը քայլարշավը սկսել էր ու ոչ մի անգամ մեքենա չէր նստել, ուներ կամք և հասարակությանը ինքն առաջնորդեց մինչև վերջ, ոչ թե էսօր կարկուտ է, վաղն անձրև։ Ես տեսել եմ նրանց քայլարշավը, նրանց՝ մեքենաներ նստելը, էսօր հարմար չէ քայլարշավի մասնակիցների հետ քնել, վաղը հարմար չի հանրահավաք անել և այլն»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ այնուամենայնիվ քաղաքացիները դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից և հարցին՝ ինչպե՞ս է իշխանությունը վերաբերվում այդ խնդրին, Գրիգորյանն ասաց․ «Չի լինելու մի պահ, որ բացառապես բոլորը կողմ լինեն տվյալ պահին գործող իշխանություններին. որոշակի մարդիկ աշխատանքից են ազատվել, որոշները քրեական գործերով են անցնում, որոշները՝ ապօրինի գույքի բռնագանձման հարց ունեն»։

Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները հետևություններ անում են սահմանազատման ու սահմանագծման առնչությամբ ընդդիմության քննադատություններից, պատգամավորը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա պետական սահման, որը ճանաչված լինի աշխարհի կողմից»։

Նարեկ Գրիգորյանը շեշտեց, որ եթե ՀՀ քաղաքացիները դուրս գան փողոց, ապա իրենք մնալու խնդիր չունեն․ «Ամսի 9-ին դուրս էին եկել Հրապարակ, որոնց մի մասը շփոթված էին, մի մասն էլ հանրահավաքի մասնակիցներն էին։ Պետք է լինի համազգային շարժում, որ մեծ մասը պահանջի մեր գնալը։ Ֆոտոշոփ էին արել, մեր հեղափոխությունից կադրեր էին դրել»։

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից իշխանականներին սուրճի հրավիրելու գաղափարին՝ Գրիգորյանն ասաց, որ ինքը սուրճի հրավեր չի ստացել․ «Իրենց մեջ էդպիսի դուխով մարդ չկա, որ ինձ սուրճի հրավիրի, որովհետեւ իրենք մեզ ինչ ասես՝ ասել են, անիծել են, ես իրենց հետ սուրճ խմելու ցանկություն չունեմ»։

Մանրամասները տեսանյութում 

551