Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի է ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները և երգում պետական հիմները: 

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, 4000-ից ավելի` վիրավորվել: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ։

Լիբանանում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի:  

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: «Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: 

Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:

Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին»,- գրել է Գևորգյանը:

472