Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այսօր այցելել են Վեդու ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Նրանց ուղեկցում էին Տարածքային ենթակառուցվածքների կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։

Պատվիրակության անդամներին ներկայացվել է Վեդու ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգերի շինարարության ամբողջ ընթացքը։

 

Վեդու ջրամբարը կառուցվում է ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարային/ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 29․4 մլն խորանարդ մետր։

Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո։

 

Վեդու ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ։

 

Ջրամբարի պատվարի շինարարությունն արդեն ավարտական փուլում է։ Աշխատանքների 97% կատարված է։

 

Ավարտված են ջրի փոխադրող ու ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքները, իսկ փորձնական տարածքներում ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները շարունակվում են և կավարտվեն այս տարեվերջին»,- նշված է գրառման մեջ։

394