Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:

Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հաստատակամ քայլերին և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցերին:

«Հայաստանի կառավարությունը հանձնառու է թե՛ ժողովրդավարական բարեփոխումների, թե՛ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթացի ապահովման համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի բնագավառում։

Շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը՝ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները։

515