Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:

Նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ և ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին:

Նշենք, որ վաղ առավոտից Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան է բացվել, որում ցավակցական գրառումներ են կատարում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Հիշեցնենք` Մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

407