Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար:

Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:

ԱՆ խոսնակը հայտնել է նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել:

Ծատրյանը վստահեցրել է, որ նորությունների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:

Նա հավելել է նաև, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:

383