Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի խումբ աջակիցներ, պատգամավորներ Բագրատ Գալստանյանի կոչով այսօր առավոտից անհնազանդության գործողություններ են սկսել՝ փորձելով տարբեր մեթոդներով փողոցներ փակել: Մասնավորապես, Բագրատ Գալստանյանը Աբովյան փողոցը փորձել է փակել՝ վթարային իրավիճակ ստեղծելով: Նա իր վարած «Լեքսուս» մակնիշի մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի, «Լեքսուսը» թողել փողոցում ու հեռացել:

Ավելի ուշ ներքին գործերի նախարարության աշխատակիցները այն հեռացրել են փողոցից: «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ էլ նստել են ճանապարհի երթևեկելի հատվածում, իսկ Իշխան Սաղաթելյանը իր մեքենայով է փողոց փակելու փորձ արել. նա վարել է մայթերով: Մի խումբ երիտասարդներ փողոցում անտեսանելի իրավիճակ ստեղծելու և երթևեկությունը խոչընդոտելու համար գունավոր ծուխ են արձակել: Ոստիկանությունը բացել է ճանապարհները:

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրերին» հայտնել է, որ բերման ենթարկված 285 անձինք ազատ են արձակվել, իսկ փակ փողոցներ չկան: Այս պահին Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ Երևանի փոքր կենտրոնում երթ է անցկացվում:

Հիշեցնենք, երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարվեց, որ Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն է: Իր ելույթում Գալստանյանը նշեց, որ խնդրել է սառեցնել հոգևոր ծառայությունը:

317