«4090 Բարեգործական» հիմնադրամը արդեն չորս տարի շարունակ տրամադրում է կրթավճար պատերազմի մասնակից ուսանողներին: 2023-24 ուստարվա համար կարող են դիմել ոչ միայն 2016 կամ 2020թթ. պատերազմների, այլ նաև 2023թ. մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:

"Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով և և երկու փուլով (փաստաթղթերի դիտարկում ու հարցազրույցի անցկացում), ուստի դիմում-հայտի լրացումը և փաթեթի հանձնումը դեռևս բավարար պայման չէ և չի նշանակում, որ կհատկացվի կրթավճար", իր խոսքում նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ Վերջինս նաև նշեց, որ առավելություն է տրվում Արցախից բռնի տեղահանված դիմորդներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող,  ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ և ավել երեխա ունեցող) ընտանիքների ուսանողներին:

Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 15-ը, ժամը 23:59 ներառյալ:  Մանրամասներն ու հայտի հղումը` հիմնադրամի պաշտոնական կայքէջում: 

 «4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: Այս պահի դրությամբ հիմնադրամն աջակցում է ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող շուրջ հարյուր շահառուի։

222