Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Այդ մասին տեղեկացնում է Հրազդանի համայնքապետարանը:

Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և ծնունդով հրազդանցի Նաիրա Զորոյանը։

Այցի նպատակը Հրազդան և Մոնպելիե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։

Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին։

Դեսպան Դըկոնտինյին գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական կապը։

Համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը վստահաբար զարգանալու են, ինչն էլ նպաստելու է երկու քաղաքների փոխճանաչմանը և առաջընթացին։

Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ։

Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, շրջել այնտեղ, ապա հանձնառություն ստանձնել առաջիկայում տարբերակներ գտնել դպրոցի վերանորոգմանը աջակցելու համար։

485