«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնել է նախապես ծրագրած ասուլիսի չեղարկման մասին:

«Այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,- ասվում է Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է, որ մնում է հավատարիմ այն սկզբունքներին, որոնցով մեկնարկել է Կիրանցում և Ոսկեպարում:

«Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Պետրոսյանը հունիսի 20-ին ասել էր, որ պատրաստվում է ասուլիս հրավիրել, իսկ մինչ այդ՝ նշել էր.

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հրավիրած ասուլիսի ժամանակ Վազգեն Գալստանյանն ասել էր, թե Պետրոսյանին շատ հարցեր ունեն և սպասում են, որ նա վերադառնա Հայաստան ու տան այդ հարցերը, այնուհետև որոշումներ կայացնեն:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը մեկնել է Մոսկվա:

Սուրեն Պետրոսյանը դեռ Տավուշից լծվել էր Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները խափանելու գործընթացին: Այնուհետև նա Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հետ քայլելով հասավ Երևան և ակտիվ մասնակցում էր շարժման գործողություններին:

Այդ ընթացքում վերջինս մի քանի օր սկսեց բացակայել հավաքներից: Այնուհետև կրկին հայտնվեց և լրագրողներին հայտնեց, թե աշխատանքային այցով գնացել էր Եվրոպա և Մոսկվա:

Հունիսի 12-ին էլ, երբ Գալստանյանը և նրա համակիրները փորձում էին սահմանադրական կարգը տապալելով գրոհել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, Պետրոսյանը բախումների ժամանակ անսպասելի անհետացավ:

Շարժման անդամները և համակիրները սկսեցին պնդել, թե իրավապահները նրան, այսպես ասած, առևանգել են: Այնուհետև այս պնդումները հերքվեցին, երբ Ազգային ժողովի պատգամավորներին իրավապահ կառույցներից վստահեցրել էին, որ Պետրոսյանի անհետացման հետ որևէ առնչություն չունեն իրենք:

Շարժման առաջնորդներից ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է պարզաբանի, թե ինչ է եղել այդ օրը, քանի որ վերջինիս քաղաքական գաղափարակիցները այդ օրվանից հետո չեն տեսել նրան:

Նկատենք, սակայն, որ բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքագետներ պնդում են՝ Պետրոսյանը, հասկանալով, թե ինչ հակաօրինական գործողություններ է փորձել իրականացնել այն շարժումը, որի առաջնորդներից է ինքը, պարզապես փախուստի է դիմել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:

Ըստ պնդումների՝ նա մտածել է՝ Վազգեն Գալստանյանը հոգևորական է, Գառնիկ Դանիելյանը՝ պատգամավոր, նրանց ձերբակալելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրենը, այդ իսկ պատճառով անհետացել է տեսադաշտից:

371