Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:

Առանձին հաղորդումներ էին նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, աշուղներին և նրանց ստեղծագործություններին, զանազան հոբելյանական առիթներով հնչում էին սիրված երգեր, ինչպես նաև տեղի էին ունենում նոր երգերի պրեմիերաներ:

Երկրի շնորհալի երգիչների կատարումներին զուգահեռ՝ հատուկ պատրաստված ժամանակագրական տեսաֆիլմերով ներկայացվում էր տվյալ երգի կամ հեղինակի ժամանակաշրջանի սոցիալական-քաղաքական-տնտեսական համատեքստը՝ հաղորդումն օժտելով նաև ճանաչողական՝ ոչ պակաս կարևոր գործառույթով:

Հաղորդման բովանդակային նյութին համապատասխան՝ հրավիրվում էին հյուրեր, որոնք իրենց մեկնաբանություններով և հուշերով ամբողջացնում էին թեմայի համակողմանի լուսաբանումը:

«Երգ երգոց»-ի երաժշտական բենդի ղեկավար Արթուր Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում խոսելով նախագծի փակման մասին՝ լուսանկար է հրապարակել ու գրել. «Երգ Երգոց»-ի նվագախմբի տղաները: Ցավոք, այս նախագիծը փակեցին: Ափսոս»։

Ինչպես հայտնում է 168.am-ը,  հաղորդումը փակվել է որովհետև ռեյտինգ չի ունեցել: 

 

«6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց։ Պատճառաբանությունը՝ շատ մոդայիկ բառ՝ ռեյտինգ չունենք։ Ես համարում եմ, որ այսպիսի հաղորդում, ինչպիսին «Երգ երգոցն» է, կարիք չունի ռեյտինգի։ Իսկ Հ1-ի եթերից, բացի հայկական երաժշտությունից՝ ամեն ինչ հնչում է»,- ասել է Երաժշտական խմբի ղեկավար Արթուր Հակոբյանը։

 

Իրենց ափսոսանքն ու զարմանքն են հայտնել նաև քաղաքացիներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։

 

«Ափսոս, որ փակվեց։ Բացի երգը՝ կար նաև հետաքրքիր ու կարևոր տեղեկատվություն»,- Ֆեյսբուքում այսպես է արձագանքել երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը։

 

Շարունակելով նրա խոսքը՝ կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը գրել է․ «Երգ երգոց»-ի ամբողջ ստեղծագործական խումբն ավելի քան 10 տարի փայլուն, անգնահատելի գործ է արել։ Անձամբ ես հպարտ եմ ու երջանիկ, որ իմ շատ երգեր առաջին անգամ հնչել են «Երգ երգոց»-ի հայտագրերում։

 

Ներկայումս հայ մշակույթը, հատկապես երգարվեստը խորը ճգնաժամի, ավելին՝ ողբերգական վիճակի մեջ է, իսկ այսպես թողնելը պարզապես հանցագործություն է հայ երգարվեստի հանդեպ»։

1403