Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը:

Այս որոշման ընդունումը պայմա¬նավորված է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է նախագծի ընդունումից հետո մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ կոնյակի և բրենդիի  սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։

Ընդ որում աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։

Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2024 թվականի խաղողի մթերումների գործընթացը։

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7․0 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում կունենանք շուրջ 80.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ, որը կազմում է 2023 թվականին մթերված խաղողի շուրջ 50 տոկոսը։

Նշվում է, որ 2019-ին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման ծավալները սկսել են նվազել: 2023 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արտահանման ծավալներն զգալիորեն ավելացել են և արտահանման ծավալը կազմել է շուրջ 11.4 մլն լիտր։

2020-2023 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվում են շուրջ 50 մլն բացարձակ լիտր։ Նկատի ունենալով, որ կոնյակի սպիրտը պետք է իրացվի առնվազն 3 տարի հնացումից հետո, ապա 2023 թվականին կարող էր իրացվել մինչև 2019 թվականը և որոշ չափով նաև 2020 թվականին արտադրված կոնյակի սպիրտները, հետևաբար տնտեսավարողների մոտ 2020-2023 թվականներին մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30․0 մլն լիտր։

Մյուս կողմից այսօրվա դրությամբ կոնյակի սպիրտի շուկայում ձևավորված վաճառքի միջին գինը կազմում է շուրջ 4․5 դոլար, իսկ 120 դրամով մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտի ինքնարժեքը կազմում է շուրջ 1670 դրամ կամ 4․18 դոլար` առանց մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման ծախսերի, հետևաբար տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացման աջակցության նպատակով անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել դրանց մրցունակությունը և վերը նշված աջակցությունը մասնակիորեն շարունակել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, որպեսզի տնտեսավարողները կարողանան իրացնել կոնյակի սպիրտի մնացորդները և մինչև 2024 թվականի խաղողի մթերումների սկսելն ունենան արտադրանքի պահման ազատ տարողություններ։

Սկսած 2020 թվականից ցուցաբերվող աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել աջակցելու շուրջ 60.0 հազար խաղողագործների կողմից 2020-2023 թվականներին արտադրված խաղողի բերքի իրացումը և խաղողագործները կարողացել են ապահովել խաղողի այգետարածքների հետագա մշակությունը։

87