«Ուզում եմ տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, որովհետեւ իմ համոզմունքը նաեւ այս 6 տարիների փորձից հետեւյալն է՝ որ ըստ էության այն բոլոր փոփոխությունները հնարավոր էր Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ՝ այդ ամեն ինչը արված է»,- այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իր իշխանությունն այսօր էլ ունի քաղաքական կամք այդ բարեփոխումները շարունակելու. «Ցանկությունը միայն բավարար չէ, այդ ցանկությունը մեծ, որովհետեւ մենք տեսնում ենք ժողովրդավարության օգուտները, այդ թվում՝ հետեւյալ տրամաբանությամբ, որ ժողովրդավարությունը ի վերջո պետության եւ հանրության դիմադրողականությունը մեծացնում է»,- ասաց նա։

«Մենք անընդհատ ասում ենք՝ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, բայց հարց չենք տալիս՝ այս դժվար ժամանակների միջով ոնց ենք անցնում եւ ինչի շնորհիվ. իմ համոզմունքը այն է, որ միայն ու միայն ժողովրդավարության շնորհիվ, որովհետեւ եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր՝ ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք ՀՀ-ն որպես անկախ պետություն չէինք ունենա»,- ասաց վարչապետը։

Վարչապետի կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է. «Այլ բան, թե կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակը օգտագործում են ռեֆիրմների օգտին, թե ընդդեմ ռեֆորմների։ Հանրային բնականոն զարգացումը ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել, որ հանրությունը այդ փոփոխությունը չապրի»։

458