Եկեղեցին և առհասարակ կազմակերպությունները, անկախ իրենց պատմական ավանդից, պետք է անջատ լինեն պետությունից ու զբաղվեն իրենց հոգևոր գործերով: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Բոլոր պետական կառավարման ֆունկցիաներով պետք է զբաղվեն պետական կառույցներն ու գերատեսչությունները, սակայն 2000-ականներից հետո մենք տեսնում ենք եկեղեցականների՝ տարբեր պետական միջոցառումների ժամանակ: Օրինակ, հիմա սկսել է ամառային զորակոչը, որի ժամանակ տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, որտեղ էլի տեսնում ենք եկեղեցականների ու չեմ հասկանում՝ ինչ գործ ունի եկեղեցականն այդ պետական արարողության ժամանակ: Երբ կլինի նոր Սահմանադրության նախագիծ, դրան էլ պետք է անդրադառնանք՝ տալով ժամանակակից լուծումներ, որոնք տարընթերցումների հնարավորություն չեն տա»,- ասաց նա:

Խոսելով Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ սկսված շարժման մասին, Թորոսյանն ասաց.«Ոչ թե մեկ հոգևորական է դուրս եկել իշխանության զավթման նպատակով, այլ բազմաթիվ այլ հոգևորականներ: Նա հրապարակավ բազմիցս հայտարարել է, որ այս շարժումն ունի կաթողիկոսի օրհնանքն ու մենք չենք լսել որևէ հերքում: Հետևաբար այս շարժումը ղեկավարվում է կաթողիկոսի, հոգևոր խորհրդի ու ընդհանրապես եկեղեցու կողմից, ինչը վտանգավոր է հայոց պետականության համար: Մենք պետք է օրինակներ ցույց տանք մեր ժողովրդին, թե ինչպես են տարբեր ժամանակշրջաններում հոգևորականները, իշխանությունը զարգացնելու ու բացարձակ դարձնելու պատճառով, կործանել հայոց պետականությունը: Գործողությունները մեր ժողովրդի իմաստության շնորհիվ արժանացան իրենց գնահատականին»:

Արսեն Թորոսյանը կարծում է, գործողությունները հեղինակազրկել են Հայ առաքելական եկեղեցին․«Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»,- ասաց Թորոսյանը:

393