Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍԱՐԱՆԻՍՏ»-ի կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 365 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև630-ի՝ 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 800 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատվեց «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ»  ՍՊԸ-ն:

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր շուրջ 55 հազար քմ ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2024թ.-ի մայիս ամսից: Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրք ռուսաստանյան և արաբական շուկաներում։ Ջերմոցում արտադրվելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների գունավոր պղպեղներ և դրա հիմնական մասը՝ 95 տոկոսը, արտահանվելու է, իսկ մնացած 5 տոկոսը անմիջապես մատակարարվելու է ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ3․9 մլրդ դրամի ներդրում, որից 3․7 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը) և շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 224 մլն դրամը՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 76 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․85 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 93․6 մլն դրամ:

411