ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր՝
• բարձրացնել մասնակիցների մասնագիտական հմտությունների մակարդակը, կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական և հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները,
• ստուգել ուժերի պատրաստվածության վիճակը՝ առաջադրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
• զարգացնել փոխհամագործակցության մակարդակը,
• գործի դնել ՊՆ N զորամասի և ՆԳՆ ՓԾ համապատասխան ստորաբաժանման փոխհամագործակցության պլանը, ստուգել դրա իրատեսական լինելը:

Ուսումնավարժության մասնակիցների կազմում էին ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և ՊՆ N զորամասերի հրշեջ խմբերի մարտական հաշվարկներ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբերը:

Ուսումնավարժությունն անցկացվել է երեք փուլերով. գործողությունները զարգացան երեք տեղամասերում:

Առաջին տեղամասում, ըստ սցենարի, զորամասի հեղուկ վառելիքի բաց թողնման կետում բենզատար ավտոմեքենան վառելիքով լիցքավորման ընթացքում բռնկվել էր՝ բենզատարի, առկա ռեզերվուարների և դյուրավառ նյութեր պարունակող պահեստի ուղղությամբ տարածվելով։ Հերթապահող ՊՆ հրշեջ ավտոմեքենան՝ սահմանված կարգով, կատարել է հրդեհաշիջման աշխատանքներ՝ իրականացնելով այրվող բենզատարի և հարակից ռեզերվուարների հովացման աշխատանքներ։ Այնուհետև համաձայն ՊՆ N զորամասի և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հետ փոխհամագործակցության պլանի` պայմանական դեպքի վայր են մեկնել հարակից զորամասերի և ՓԾ ստորաբաժանումների մարտական հաշվարկները։

Հետախուզության ընթացքում պարզվել է, որ ռեզերվուարների դիմաց գտնվող փակ ավտոկայանատեղիում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջում։

Երկրորդ տեղամասում բենզինի և դիզվառելիքի ռեզերվուարներում բռնկված հրդեհի հրդեհաշիջման, ինչպես նաև հրդեհի օջախին մոտ գտնվող ռեզերվուարների հովացման աշխատանքներն իրականացվել են համատեղ: Վերջնական փուլում մարման համար օգտագործվել են փրփրագեներատորներ:
Երրորդ տեղամասում տեղի էր ունեցել պայմանական պայթյուն, որի հետևանքով վնասվել էր զորամասի վարչական շենքերից մեկը։ Ներգրավված ուժերի կողմից իրականացվել է աշխատակիցների տարհանում անվտանգ տարածք, հետախուզություն, որի շնորհիվ պարզվել է, որ երկրորդ հարկում կան արգելափակվածներ. վերջիններս պարանների միջոցով պատուհանից տարհանվել են պատգարակով. պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին օգնություն:

Ավարտին՝ ուսումնավարժության ղեկավար կազմի կողմից շարահրապարակում իրականացվել է արդյունքների ամփոփում, տրվել են համապատասխան հրահանգներ և ցուցումներ:

255