Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ցուցադրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քող» նոր ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2023-ին Տորոնտոյի կինոփառատոնում:
Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ և վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։
Փառատոնի մեկնարկից հետո հյուրերի համար կազմակերպված երեկույթին, որը տեղի ունեցավ «Երեմյան Փոջեքթս» ընկերության «Լիվինգսթոն» ռեստորանում, Ատոմ Էգոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրականում բարդ է խոսել իր կինոնկարի ասելիքի մասին․ այն խորհրդանշում է ցանկությունը, փափագը, ուժը։ «Մենք պետք է հասկանանք, որ շատ բարդ ժամանակներում ենք ապրում, երբեմն այն ամենը, ինչ ուզում ենք, այն չէ, ինչն անհրաժեշտ է։ Ֆիլմի գլխավոր դերը վստահել եմ Ամանդա Սեյֆրիդին։ Նրա մարմնավորած կերպարը շատ միայնակ է, սակայն շրջապատված է յոթ տղամարդկանցով, որոնք նրա անցյալից են, ներկայից ու ապագայից։ Նա խնդիրները հաղթահարում է անսովոր կերպով»,-նշեց ռեժիսորը։
Էգոյանը չբացառեց, որ հնարավոր է ժամանակ գտնի և այցելի Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվում է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավը։
Անդրադառնալով փառատոնին՝ ռեժիսորը հիշեց, որ շուրջ 12 տարի առաջ է մասնակցել «Ոսկե ծիրան»-ին և կարծում է՝ այն բացառիկ փառատոն է երկրի համար և անգամ այս բարդ ժամանակներում կարողանում է իր շուրջ համախմբել մշակույթի ականավոր գործիչների և պահպանել մշակույթը։
«Ես շատ ուրախ եմ, որ կրկին մասնակցում եմ փառատոնին, ու Վարդավառի առթիվ ինձ ջրել ու այդպես, ասես, կնքել են»,-շեշտեց Էգոյանը, որի ֆիլմը ցուցադրվելու է նաև փառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում։
Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Փառատոնն այս տարի հյուրընկալել է այնպիսի ականավոր հյուրերի, ինչպիսիք են՝ կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպանը համարվող ռեժիսոր Տարսեմ Սինգհը, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան, օսկարակիր Քևին Սփեյսին։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում կունենա կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել հյուրերին։